Ձյան փաթիլների մեղմության հետքով
տարին լքում է սահմանները իր,
և այդ մեղմությամբ հյուսված մի երգով,
օրերն են դառնում անծանոթ ու հին:
Իրերն են քայլում իրար հետևից,
գույները շռայլ իրար են փոխում,
երբ Ձմեռ պապի կախ ընկած թևից
տոպրակն է թաղվում օտարված հողում:
ՈՒ անմահական խնձորներից զատ՝
արճիճ ենք բերում անձրևի տեղակ,
ինքնակամ ու հեզ քանդում ենք մի պատ,
որ գույնզգույն էր երկար ժամանակ:
Հիմա անորոշ ժամանակի մեջ
տոպրակն ենք փնտրում անտես աչքերով,
ձյունը իջնում է անամոք ու խեղճ՝
հողի շուրթերին մեկեն հալչելով:
Ձյան փաթիլների մեղմության հետքով
տարին գտնում է ժամանկը իր,
և գույնզգույն են օրերն ու հերթով
ասում են՝ լույսիդ ակունքն ենք, Երկի՛ր:
Նորայր Գրիգորյան
25.10.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |